ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կինո գնալն արարողություն էր, լավ կինո գնալը՝ իրադարձություն

Կինո գնալն արարողություն էր, լավ կինո գնալը՝ իրադարձություն
30.12.2023 | 06:57

Պիոներները մի քանի տարուց կոմերիտական էին դառնում. կարգն էր տենց։ Միակ պիոները որ տենց էլ պիոներ մնաց մինչև պատմական մատերիալիզմի վերջին շունչը, կինո «Պիոներն» էր։ Կարմիր վզակապը վզին՝ մտավ կոմունիզմի փլատակների վրա կառուցած սուպերմարկետների դարաշրջան, բայց քրեասահմանադրական մատերիալիզմի տարիներին վզկապն էլ չփրկեց, կուլ գնաց։ Ոչ մի դարաշրջանում մատերիալիզմն էնքան մատերիալիստական չի եղել, ինչքան խորտակված կոմունիզմի վրա կառուցած կապիտալիզմի ժամանակ։ Եթե հանկարծ նկուղիդ դուռը լավ չփակես, մյուս օրը կտեսնես՝ կա՛մ սննդի օբյեկտ են դարձրել, կա՛մ առևտրի կետ։ Դե, ուրիշ ի՞նչ պիտի դառնա, երբ ավազի վրա կառուցած իդեալներից ազատված մատերիալիզմը սկսվում ա որովայնից ու վերջանում գրպանով՝ կարճատև կանգառ կատարելով ձվերի մոտակայքում։ Մյուս կինոթատրոնների մեծ մասն էլ տարբեր եկամտաբեր օբյեկտներ դարձան։ Երևանում մնաց մի երկու կինոթատրոն։ Դե, էլ ո՞վ էր կինո գնում, կինոն կինոթատրոններից դուրս էր եկել ու լցվել փողոցները։

Իսկ էն տարիներին Երևանում էնքան կինոթատրոն կար, որ բոլորը չէիր էլ հիշում։ Կինո գնալն արարողություն էր, լավ կինո գնալը՝ իրադարձություն։ Երբ մի լավ ֆիլմ էին բերում, քաղաքում արագ տարածվում էր լուրը։ Պիտի օր ազատեիր, ժամ ազատեիր կինո գնալու համար։ Գնալուց առաջ տրամադրվում էիր, հագնվում, տնից դուրս գալիս, հաճախ՝ տրանսպորտ նստում, հետո՝ հերթ կանգնում, պատահում էր՝ մի քանի անգամ թանկ գնով ձեռի վրայից տոմս առնում, իսկ լինում էր, որ կանգնած էիր նայում։ Լուրջ ֆիլմն արվեստ էր, պիտի պատրաստ լինեիր նայելու, իսկ դահլիճում հազվադեպ էր պատահական մարդ լինում, բոլորը գիտեին, թե ինչի համար են եկել։ Տարօրինակ զգացողություն ա, երբ ֆիլմը նայում ես՝ շրջապատված հարյուրավոր մարդկանցով, որոնք նույն բանն են նայում ու նույն կերպ հասկանում, նույն ճաշակն ու նույն մտքերն ունեն։ Կինոսեանսը համախոհների լուռ հանրահավաք էր դառնում։

Մեր սիրելի կինոթատրոնն, իհարկե, կինո «Մոսկվան» էր։ Դպրոցական տարիներին ուսուցիչները գիտեին՝ մեզ որտեղ գտնեն, եթե դասարանում չէինք։ Իսկ դահլիճ մտնելուց առաջ կարելի էր սրճարանում մի բան ուտել կամ 15 կոպեկով ծովամարտ խաղալ, որսորդություն անել, մետաղյա չանչով խաղալիք բռնել, որը երբեք տեղ չէր հասնում։ Թե ինչքան կինո ենք նայել կինո «Մոսկվայում» հաշվել չի լինի։ Իսկ լինում էր, որ ֆեստիվալային ֆիլմեր էին բերում, ու մենք գլուխ ջարդելով տոմս էինք ճարում, մտնում դահլիճ։ Ֆեստիվալային ֆիլմ նայելը նշանակում էր նենց բաներ տեսնել էկրանին, որոնք ուրիշ ֆիլմերում երբեք չէիր տեսնի, նշանակում էր մի պահ առանց պատժվելու՝ սովետական քաղաքացու համար սահմանված բարոյաքաղաքական շրջանակներից դուրս գալ ու ուրիշ օդ շնչել։

Կինո «Պիոները» մանկապատանեկան կինոթատրոն էր համարվում, բայց, անկեղծ ասած, էնքան էլ մանկապատանեկան չէր. նե՜նց ֆիլմեր էին ցույց տալիս․․․ Հենց «Պիոներում» 1986 թվին առաջինը վերսկսեցին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը ցուցադրել՝ «Անդրեյ Ռուբլյովը», «Ստալկերը», «Հայելին»․․․ ու ես հասկացա, որ Տարկովսկին էլ չկա։ Ինչ նա մնացել էր Արևմուտքում, նրա մասին մենակ խոհանոցներում էին խոսում, իսկ հիմա բացեիբաց ցուցադրում էին կինոթատրոնում։

Իսկ «Նաիրիում» Ֆելինիի ֆիլմերն էին բերում. ի՜նչ էր կատարվում դրամարկղի մոտ, տոմսերը ձեռից ձեռ էին թռցնում․․․ Հա՛, տե՛նց էր, էն տարիներին երևանցիները ոտի վրա կանգնած էին Ֆելինի նայում։ Ես «Նաիրիում» հենց ոտի վրա կանգնած եմ նայել «Ամարկորդն» ու «Ութ ու կեսը», «Հարցազրույցն» ու «Քաղցր կյանքը», Անտոնիոնի եմ նայել, Բերգման, Բունյուել․․․ Բերնեբերան լցված դահլիճում, քար լռության մեջ, ճախրում էր լավ, իսկական կինո նայելու ծարավը, մարդկանց դեմքերը միտք էին արտահայտում, ճաշակ կար։ Լավ կինո նայելը հավասար էր բարդ գիրք կարդալուն, ուղեղն աշխատում էր, հոգին արթուն էր, անհանգիստ։

Ուրիշ կինոթատրոններում ես հաճախ չէի լինում։ Մի քանի անգամ եղել եմ կինո «Երևանի» գողտրիկ դահլիճում։ «Ռոսիայի» հսկա դահլիճը համագումարների պալատ էր հիշացնում՝ մի տեսակ, դժվար էիր կենտրոնանում։ Կինո «Հայրենիքում» կարծեմ չեմ եղել։ Մի քանի անգամ եղել եմ կինո «Կոմիտասում», «Զվարթնոցում», «Արագածում»։ Դրանք բոլորը հիմա պատմության գիրկն են անցել։

Հիմա շատ քչերն են կինո գնում։ Մեր սերունդը վերջին կինոթատրոնային սերունդ էր։ Դա էն սերունդն էր, որը մի երկու տարի հետո փողոց էր դուրս գալու իր երազի հետևից, որովհետև երազ ուներ, որովհետև երազել գիտեր։ Դա էն սերունդն էր, որը հումորն ըստ խորության էր գնահատում, ոչ թե ըստ հռհռոցի բարձրության։ Դա էն սերունդն էր, որին հաջողվում էր անազատության մեջ ավելի ազատ լինել, քան ազատության մեջ ծնվածները։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6861

Մեկնաբանություններ